Ազգային ժողովում մեկնարկել են բյուջետային քննարկումները։
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը հստակ սոցիալական ուղղվածություն ունի՝ ներկայացնելով 2015-ի անելիքները՝ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Բյուջետային ծախսերը սոցիալ-մշակութային են:
Նախագծով բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 184,5 միլիարդ դրամ, ծախսերը՝ առավել՝ 1 տրիլիոն 298,6 միլիարդ դրամ: 114,1 միլիարդ դրամի դեֆիցիտը, կառավարության ղեկավարի հավաստմամբ, հաղթահարելի է։ Տնտեսական աճը, գործադիրի հաշվարկներով, հաջորդ տարի կկազմի 4,1 տոկոս, գնաճն էլ խոստանում են պահպանել 4 տոկոսի շրջակայքում։
«Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Սակայն ունենք կամք և վճռականություն՝ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ դա իրականացնելու»,- ասաց վարչապետը։
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում հաշվարկված եկամուտները, անցած տարվա համեմատ, շատ բարձր չեն՝ ավելի են 4,3 տոկոսով: Աբրահամյանն ասում է՝ ծախսելու են այնքան, որքան ունեն, անկախ նրանից՝ ինչի կարիք կա, որովհետև, ըստ վարչապետի, եթե պատգամավորների բոլոր առաջարկները գումարեն, կարող է ստացվել Ֆրանսիայի բյուջեին հավասար մի թիվ:
«Խնդրանքս այն է, որ զերծ մնանք բյուջեի քննարկման և ընդունման ժամանակ ավելորդ քաղաքականացվածությունից, չբերենք այս դահլիճ հրապարակի կրքերը»,- ասաց Աբրահամյանը։
Վարչապետը՝ որպես իշխող կուսակցության փոխնախագահ, հստակ կարծիք ու դիրքորոշում ունի կատարվող գործընթացների վերաբերյալ, բայց ձեռնպահ է մնացել իր կարծիքը հնչեցնելուց: Նա վստահ է, որ բյուջեի նախագծի քննարկումները պետք է զուրկ լինեն գաղափարական և քաղաքական բանավեճերից։ Ոչիշխանական խորհրդարանական ուժերը նախագծի քննարկման առաջին հատվածում կառավարությանը անհարմար հարցեր չտվեցին։
Հովիկ Աբրահամյանը խոշոր գործարարներին մինչև հուլիսի 1-ը ստվերից դուրս գալու ժամանակ էր տվել։ Դատելով այսօր խորհրդարանում հնչեցրած հայտարարություններից՝ պայքարը հաջող ավարտ չի ունեցել, ուստի կշարունակվի նաև հաջորդ տարի։ «Մեր թիրախը խոշորն է, և մենք այստեղ նվազեցնելու ենք ստվերը: Հետևողականորեն: Համբերատար: Հաստատակամ»,- ասել է վարչապետը։
2015-ի բյուջեի նախագծում խոսք չկա ԵԱՏՄ-ի մասին։ Ֆինանսների փոխնախարարն ասաց՝ փաստաթուղթը պատրաստելիս պայմանագիրը դեռ ստորագրված չէր, այդ բացն ավելի ուշ կլրացնեն. «Դրական է ազդելու ՀՆԱ-ի իրական աճի վրա, որովհետև լրացուցիչ մուտքային մաս ենք ունենալու, եկամտային մասի վրա նույնպես դրական ազդեցություն է ունենալու, գնաճի վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն»,- ասաց փոխնախարարը։
ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրելիս Հայաստանը հաշվի չի առել Ռուսաստան-Արևմուտք սրված հարաբերությունները, մինչդեռ չանդամակցած արդեն մեր տնտեսությունը, ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, զգում է այդ լարվածության բացասական ազդեցությունը։ «Չի կարող երկիրը որևէ միություն մտնելու դեպքում, եթե միության անդամներից մեկը ինչ-որ դժվարություններ ունենա, անմիջապես դուրս գա այս միությունից»,- ասաց Պավել Սաֆարյանը՝ բացառելով, որ պատժամիջոցների ազդեցությունը զգալու դեպքում էլ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից։
Անդրադառնալով 2015-ին 4,1 տոկոս տնտեսական աճ կանխատեսելու փաստին՝ այն պայմաններում, երբ դեռ այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը իրականություն չի դարձել՝ Սաֆարյանն ասաց. «Կարող են մեղադրել կառավարությանը, որ ինքը իր համար հատուկ մոդել է գնահատել, հետո չի կարողանում բացատրել, թե ինչու է այդ մոդելը ընտրել: Եթե միջազգայնորեն ընտրված մոդելներով ինչ-որ ցուցանիշ հաշվվում է, հետագայում արդյունքները այլ են լինում, մնում է բացատրել, թե ինչ գործոններ եղան, որ այդ մոդելի մեջ արտացոլված չէին, և այդ գործոնների հետևանքով ցուցանիշները այլ ստացվեցին։ Թե չէ Վանգան էր լավ, թե մյուսը... այդ դաշտի քննարկումները բյուջեին որևէ տեղ չեն տանի»։